գլխավոր Աշխարհ Քաբուլը պատրաստ է իշխանությունը կիսել «Թալիբան» շարժման հետ, սակայն մի պայմանով

Քաբուլը պատրաստ է իշխանությունը կիսել «Թալիբան» շարժման հետ, սակայն մի պայմանով

Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամադ Խանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի պաշտոնական իշխանությունները պատրաստ են «Թալիբան» արմատական շարժման հետ համագործակցել միայն մի պայմանով. այն պետք է դադարի աջակցել ահաբեկչությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստ ենք աշխատել «Թալիբան»-ի հետ, պատրաստ ենք նրանց ընդգրկել կառավարության կազմում, պատրաստ ենք նրանց հետ հաշտության և նրանց հետ իշխանությունը կիսելուն: Եվ մենք այնքան էլ շատ պայմաններ չունենք դրա համար, և իրականությունը միայն մեկն է՝ երկրի ներսում Աֆղանստանի ապագան պետք է որոշվի աֆղան ժողովրդի ազատ կամքով, իսկ արտաքին սահմաններին Աֆղանստանը չպետք է սպառնալիք ներկայացնի ոչ մի այլ երկրի համար, իսկ մեզ մոտ չպետք է լինի ոչ մի օտարերկրյա ահաբեկչական ուժ…Մեր կառավարությունը պատրաստ է «Թալիբան»-ին ընդունել որպես նրա մի մաս այն պայմանով, որ նրանք դադարեն աջակցել ահաբեկչությանը»,-ասել է Աթմարը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նա նշել է, որ օտարերկրյա զինակիցների օգնությամբ թալիբները կառավարական զորքերի դեմ մարտեր են մղում 34 նահանգներից 31-ում:

«Սա «Թալիբան»-ի ամենաանմարդկային և վայրագ արշավն է»,-ասել է Մոհամադ Խանիֆ Աթմարը:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաև մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: