գլխավոր Իրադարձային Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից մեկ ամիս հետո Ադրբեջանին հանձնվեցին լրացուցիչ տարածքներ Կովսականում, Սանասարում, ինչպես նաև Հադրությում՝ Հին Թաղեր, Խծաբերդ, Դիզափայտ։ Հետագայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կար պատերազմի վերսկսման վտանգ և բանավոր փոխըմբռնման արդյունքում այդ տարածքները հանձնվել են Ադրբեջանին։ Արդյոք պատերազմի վտանգի սպառնալիքի աճի պարագայում չի՞ գործելու այդ վատ նախադեպը և պատերազմի սպառնալիքի հիմնավորման տակ նոր տարածքներ չեն հանձնվելու Ադրբեջանին։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ՝ հարց ուղղելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց, որ Հին Թաղերը, Խծաբերդը և Դիզափայտը չեն հանձնվել, այլ ապօրինաբար գրավվել են ադրբեջանական հարձակման արդյունքում։

«Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում Կովսականում, մի բան, երբ հայկական ուժերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններին։ Դա է եղել տրամաբանությունը։ Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմանին և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում, այդ սահմանը նաև ՀԱՊԿ սահմանն է, ինչը, սակայն չխանգարեց, որ Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզում տեղի ուենան հայտնի իրադարձությունները»,-ասաց նա։

Արձագանքելով Ռուբինյանին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց․

«Ստացվում է, որ մայիսի 12-ին նույնկերպ, ապօրինաբար, սակայն հայկական իշխանությունների թողտվությամբ ադրբեջանցիները մինչև 3․5 կմ խորությամբ մուտք գործեցին Սյունիքի և Գեղարքունիքի  տարբեր տեղամասեր, և առ այս պահը դրա կարգավորման ուղղությամբ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել։ Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարածքի տարբեր հատվածներ, հետագայում դա կհիմնավորեք, որ դուք չէիք ցանկանում, բայց Ադրբեջանը ապօրինի բռնավազթեց։ Այսինք ՀՀ քաղաքացին չպետք է ունենա անվտանգության երաշխիքներ»։

Ռուբինյանն ի պատասխան նշեց՝ Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք՝ օրինակ բերելով օրերս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունները։

«Սև լճում և Գեղարքունիքում ադրբեջանական զորամիավորումները գտնվում են ապօրինաբար և պետք է այնտեղից դուրս գան։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով  նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների  ապաշրջափակման կետը»,- նշեց Ռուբինյանը։