գլխավոր Քաղաքականություն «Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին «help, help»»․ լրագրողների խմբին ուղեկցող երիտասարդը զոհվել է

«Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին «help, help»»․ լրագրողների խմբին ուղեկցող երիտասարդը զոհվել է

Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։

«Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։ 

Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են։

«Մեր շոկային դեմքերը ֆիքսեցինք ու հասկացանք, որ մեզ մոտ է գալիս, մեզ թվացել էր մի պահ, որ հեռվում է տեղի ունենում։ Մենք սկսեցինք վազել անկանոն, առանձին էինք վազում, հետո ես ձայներ լսեցի, գոռգոռոցներ։ Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին՝  help, help (օգնություն-հեղ։)»։ Պտտվեցի և տեսա, որ նրանք ընկած էին գետնին ու մեկի դեմքը ամբողջությամբ արյան մեջ էր»,– կատարվածը նկարագրեց Հերմինե Վիրաբյանը։

Արյունոտ դեմքով լրագրողը Ալան Կավանն է եղել, որին տեղափոխել են Ստեփանակարետի հիվանդանոց՝ վիրահատման։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ «Le Monde»-ի մյուս լրագրողը՝ Ռաֆայելը, ոտքի շրջանում է բեկորային վիրավորում  ստացել։ Նրան Մարտունի քաղաքի հիվանդանոցում են վիրահատում։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ Հերմինե Վիրաբյանը կրկին պայթյունի ձայներ է լսել։ Բայց քանի որ ճանապարհն անվտանգ չի եղել, և Ռաֆայելի առողջական  վիճակն էլ ծանր չի եղել, որոշել են նրան հենց Մարտունիում վիրահատել։

«Ալանը Ստեփանակերտում է, բայց տեղեկություններ չկան, ես սպասում եմ Ռաֆայելի վիրահատության ավարտին։ Մենք կապի մեջ ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ, իրենք հետաքրքրվում են, փորձում են ամեն ինչ անել, պատրաստ են օգնել, աջակցել»,- ասել է Հերմինե Վիրաբյանը։ Վնասվել է նաև լրագրողներին տեղափոխող մեքենան։ Վարորդը թեթև վնասվածք ունի որովայնի շրջանում։

«Հետք»–ին Ֆրանսիայի դեսպանատան մամուլի խոսնակն ասել է, որ կապի մեջ են Հայաստանի գործընկերների հետ և հայտարարությամբ հանդես կգան։