գլխավոր Աշխարհ Գերմանիայի կառավարությունը գաղտնի հանդիպում է անցկացրել «Թալիբանի» հետ Դոհայում. Bild

Գերմանիայի կառավարությունը գաղտնի հանդիպում է անցկացրել «Թալիբանի» հետ Դոհայում. Bild

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները շաբաթ Դոհայում գաղտնի հանդիպում են ունեցել «Թալիբան» արմատական շարժման անդամների հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերամանկան Bild պարբերականին:

Պարբերականի տվյալներով՝ Գերմանիան բանակցություններում ներկայացրել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ բանագնաց Յասպեր Վիկը: Հանդիպումը նախապատրաստվել է դաշնային հետախուզական ծառայության կողմից և համաձայնեցված է եղել ԱՄՆ-ի հետ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է երկրում մարդասիրական կազմակերպությունների գերմանացի աշխատակիցների անվտանգության երաշխիքների և երկրում միջազգային գործողությունների ժամանակ Բունդեսվերին աջակցություն տրամադրած աֆղանցիների դրության հարցը:

Նշվում է որ ներկա պահին երկրում մոտ 700 տեղաբնակ է գտնվում, որոնք համագործակցել են գերմանական կողմի հետ, նրանցից 500-ը ցանկություն է հայտնել մեկնել Գերմանիա:

Գերմանական պարբերականը հայտնում է, որ երկրի ԱԳՆ-ն հաստատել է թալիբների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը Քաբուլում:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի դուրբերման մասին, որից հետո երկրում ակտիվացել է «Թալիբան» շարժումը: Թալիբներն առաջընթացներ են գրանցել երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ սահմաններին: