գլխավոր Աշխարհ Վրաստանում առաջին անգամ օդադեսանտային զորավարժություններ են անցկացվել ամերիկացի զինվորականների մասնակցությամբ

Վրաստանում առաջին անգամ օդադեսանտային զորավարժություններ են անցկացվել ամերիկացի զինվորականների մասնակցությամբ

Վրացի և ամերիկացի զինվորականները Agile Spirit 2021 զորավարժությունների շրջանակում համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել օդադեսանտային ստորաբաժանման մասնակցությամբ:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը, այսօրվա զորավարժություններին մասնացկել են Վրաստանի Պաշտպանության ուժերի զինծառայողները, ինչպես նաև Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ԶՈւ հրամանատարության ներկայացուցիչները:

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ դեսանտային ուժերն իրականացրել են գործողություններ՝ ուղված ռազմական օդանավակայանը գրավելուն՝ այնտեղ դաշնակիցների բազմազգ ուժերը տեղակայելու նպատակով:

Ուսումնամարզական գործողություններին ներգրավվել է ամերիկյան ռազմատրանսպորտային 3 օդանավ: 150 զինվորական միաժամանակ պարաշյուտով թռիչքներ են կատարել:  

Ինչպես հայտնել են երկրի ՊՆ-ից, նման տիպի գործողություններ վրացի և ամերիկացի զինվորակնները նախկինում երբեք չեն մշակել երկրի տարածքում անցկացված համատեղ ուսումնավարժանքների ժամանակ:

Agile Spirit 2021 զորավարժությունները Վրաստանում մեկնարկել են հուլիսի 26-ին և անցկացվելու են մինչև օգոստոսի 6-ը: Դրանց մասնակցում է ավելի քան 2500 զինծառայող՝ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: