
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են ընդունել Արցախի վերաբերյալ, հայտնում է RT-ն:
«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, խստորեն դատապարտում են բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում
Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ներգրավված կողմերի զինված ուժերի միջև:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ: