գլխավոր Միջազգային Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել է ճապոնական լցանավի վրա կատարված հարձակումն ԱՄՆ պետքարտուղարի...

Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել է ճապոնական լցանավի վրա կատարված հարձակումն ԱՄՆ պետքարտուղարի հետ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է «իրանյան ահաբեկչության դեմ համատեղ պայքարը», ինչպես նաեւ Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման նկատմամբ «իրական եւ արդյունավետ արձագանքը», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հրեական գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Հուլիսի 31-ի երեկոյան ԱԳՆ Լապիդն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Արաբական ծովում նավի վրա հարձակումը, իրանյան ահաբեկչության դեմ համատեղ պայքարն ու իրական եւ արդյունավետ միջազգային արձագանքի մշակումը [լցանավի միջադեպի շուրջ]: Իսրայելցի դիվանագետները գործում են բոլոր համապատասխան հարթակներում եւ բազմաթիվ մայրաքաղաքներում՝ ձգտելով հասնել միջազգային դատապարտման եւ արձագանքի»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:

Լապիդը նաեւ զրուցել է Մեծ Բրիտանիայից եւ Ռումինիայից իր գործընկերների հետ՝ քննարկելով Իրանից ելնող սպառնալիքը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակում է իրագործվել Օմանի ափի մերձակայքում: Zodiac Maritime-ը հաստատել է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ՝ Ռումինիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք ենթադրաբար պատասխանատու էին նավի անվտանգության համար: