գլխավոր Քաղաքականություն ԵՄ-ն պետք է Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառի. եվրոպական գործերով Ֆրանսիայի պետքարտուղար

ԵՄ-ն պետք է Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառի. եվրոպական գործերով Ֆրանսիայի պետքարտուղար

Եվրոպական միությունը պետք է հստակ հակազդի Թուրքիային, դա կարող է լինել պատժամիջոցների ձևով։ Reuters –ի փոխանցմամբ այսօր այս մասին ասել է Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Կլեման Բոնը։

«Կարճաժամկետ հեռանկարում պետք է վճռական տրամադրվածության մասին ազդանշաններ լինեն։ Տեսնենք՝ արդյո՞ք պատժամիջոցներ կլինեն», – ասել է Բոնը France 2 հեռուստաընկերության եթերում։

ԵՄ անդամ երկրների առաջնորդները մտադիր են այսօր Բրյուսելում հանդիպել՝ երկօրյա քննարկումներ անցկացնելու համար։ Մասնավորապես, կքննարկվեն Արևելյան Միջերկրական ծովում տիրող լարվածության հետ կապված հարցներն ու հարաբերությունները Թուրքիայի հետ։

Նշենք, որ ԵՄ Խորհուրդը նաև նիստ կանցկացնի՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Թուրքիայի միջամտության հարցով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Եվրամիության մակարդակով։ Նա ընդգծել է, որ Անկարայի` Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հայտարարություններն անընդունելի են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 10 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։