գլխավոր COVID-19 Այս պահի դրությամբ իրականացվել է 163 000 պատվաստում․ պատվաստումների թիվը գոհացուցիչ չէ,...

Այս պահի դրությամբ իրականացվել է 163 000 պատվաստում․ պատվաստումների թիվը գոհացուցիչ չէ, բայց տեմպն աճում է․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Այս պահի դրությամբ իրականացվել է 163 000 պատվաստում, լավ ցուցանիշներ ցույց տվող մարզեր կան, օրինակ՝ Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Պատվաստվածների թվի առումով մեր արդյունքները գոհացուցիչ չեն, բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների՝ անընդհատ աճող տեմպը, պատվաստումների նկատմամբ վստահությունը մեծանում է»,-նշեց նա։

Ավանեսեյանի տեղեկացմամբ՝ Լիտվայի կառավարությունը հաստատել է ՀՀ-ին «ԱստրաԶենեկա»-ի 27 000 դեղաչափ պատվաստանյութի տրամադրման որոշումը, և նախարարությունը շարունակելու է աշխատել մյուս երկրների հետ՝ պատվաստանյութերի նոր խմբաքանակներ ստանալու համար։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պատվաստումների վերաբերյալ նախնական մտահոգությունները, ապատեղեկատվությունը պատճառ են եղել, որ քաղաքացիները նախնական շրջանում այդքան ակտիվ չլինեն, ինչը սակայն, ըստ Ավանեսյանի, միայն ՀՀ-ին բնորոշ հանգամանք չէ, բոլոր երկրներն էլ դրա հետ առնչվել են, սակայն  ցուցանիշները փոփոխվում են։

Նա անդրադարձավ նաև հնարավոր սահմանափակումներին՝ նշելով․ «Այս պահին մեր կողմից առաջարկվել է հանրային ծառայությունների, պետական կառավարման ոլորտի այն աշխատակիցների համար, որոնք հենց իրենք են ռիսկի խմբից, եթե պատվաստման սերտիֆիկատ չեն ներկայացնում, ապա ժամանակ առ ժամանակ պետք է ներկայացնեն թեստավորման բացասական պատասխան, որ ռիսկի չենթարկեն այլոց»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ օտարերկրացիները ՀՀ-ում ոչ միայն անվճար պատվաստվում են, այլև բուժվում կորոնավիրուսից, Ավանեսյանն ասաց․ «Կորոնավիրուսը հանրային վտանգավոր վարակ է, որը տարածման մեծ թվերի պարագայում պարալիզացնում է ոչ միայն առողջապահական համակարգը, այլև երկիրը։ Նման պարագայում, ինչպես շատ այլ երկրներ, մենք նույնպես ապահովում ենք կորոնավիրուսով հիվանդ բոլոր քաղաքացիների բուժումը, որոնք գտնվում են ՀՀ-ում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ սահմանը կարող են հատել այն  քաղաքացիները, որոնք ունեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստված են։