գլխավոր Իրադարձային Խաղատները պետք է ոչ թե որոգայթ լինեն մարդկանց համար, այլ՝ ժամանցի ոլորտ,...

Խաղատները պետք է ոչ թե որոգայթ լինեն մարդկանց համար, այլ՝ ժամանցի ոլորտ, որը իրավունք ունի լինելու․ Փաշինյան (տեսանյութ)

Մենք որևէ մեկին չենք կարող և չենք էլ ուզում արգելել գնալ խաղատուն, բայց ուզում ենք նրա ճանապարհին դնել որոշակի արգելակներ։ Սա մեր քաղաքականությունն է ՝ ձևավորված քաղաքացիների պահանջարկի հիման վրա։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով խաղատնային բիզնեսին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է սկզբունքներ դնենք, և անհատական մոտեցումները մաքսիմալ քիչ լինեն։ Մեր գործողությունների նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանելն է, այլ նաև խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելը։ Դա պետք է ոչ թե որոգայթ լինի մարդկանց համար, այլ՝ ժամանցի, սպասարկման ոլորտ, որը լինելու իրավունք ունի»։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, որ կան որոշակի տաբերություններ  ներդրումների պարագայում խաղատների գործունեությունը թույլատրելու, իսկ բուքմեյքերական ընկերություններին մերժելուև միջև։ «Օրինակ երկու ներդրող ունեն հավակնություն 80 մլն դրամ և ավել ներդրում կատարելու և Երևան քաղաքում ունենալու  խաղատների թույլտվություն։ Այստեղ կարող է հարց ծագել՝ ինչու բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց կոնկրետ ներդրման պարագայում թույլ ենք տալիս։ Դա ունի կոնկրետ պատճառ. այդ հյուրանոցը, որը գտնվում է Երևանի բանուկ հատվածում, խաղատները պետք է լինեն վերնահարկում և փողոցից առանձին մուտք չպետք է ունենան։ Այս պայմանները պետք է ամրագրենք կոնկրետ կանոններով։ Ուրիշ բան է, երբ դա փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակ է, մեկ այլ բան է, երբ այն հինգաստղանի հյուրանոցի վերնահարկում գտնվող խաղատուն է»,- նշեց Փաշինյանը։

Վերջինիս խոսքով Երևանի կենտրոնում գտնվող խաղատունը ոչ թե պետք է որոգայթ լինի քաղաքացիների համար, այլ մի տեղ, որտեղ գնում են «գիտակցված փող ծախսելու»։