գլխավոր Իրադարձային Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հնարավոր լուծումներից է ՀԱՊԿ մոնիտորինգային...

Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հնարավոր լուծումներից է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին․ Փաշինյան (տեսանյութ)

Ի հեճուկս ՀՀ կառավարության ու միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում․ այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները»,-ասաց նա՝ հիշեցնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը ,որով կոչ էին անում վերսկսել բանակցությունները։

«Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խաթարել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հոկտեմբերի 11-ի հայտարարությունները»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների շինծու դատավարությունները՝  դատապարտելով նրանց երկար տարիների ազատազրկման։

«Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն հակաքարոզչության հետ, որ արվում է Ադրբեջանում ընդդեմ խաղաղապահների  և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է վարկաբեկել նաև կոմունկիացիաների ապաշրջափակման հարցը՝ շարունակելով արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով ինչ-որ ուղղություններ։

«Հայաստանը չի քննարկելու միջանցքային տրամաբանության մեջ որևէ հարց»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։

«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ որպես օրինակ բերելով ԱՊՀ տարածքում գործող սահմանային անցման կետերը:

«Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, ՀՀ-ն հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը,և ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ Զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն։ Ադրեբեջանի  և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ գործունեության իրավակարգավորումներով։

ՀԱՊԿ շրջանակներում նման առաքելության անհնարինության պայմաններում մեզ համար կիարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,-ասաց նա։