գլխավոր Իրադարձային Ադրբեջանը փորձում է վարկաբեկել եռակողմ հայտարարություններն ու կոմունիկացիաների բացման թեման. Փաշինյան

Ադրբեջանը փորձում է վարկաբեկել եռակողմ հայտարարություններն ու կոմունիկացիաների բացման թեման. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակին և նշեց, որ իրադրությունը չի կայունանում։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ, անպատասխան թողնելով իրադրության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները:

«Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ վարկաբեկելով նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։ Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման։ Ադրբեջանը շարունակում է մատնանշել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. բազմիցս ասել եմ՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց», – ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն։

«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ որպես օրինակ բերելով ԱՊՀ տարածքում գործող սահմանային անցման կետերը: