գլխավոր Քաղաքականություն ՀՀ ՄԻՊ–ը միջազգային կառույցներին կոչ է անում չթաքնվել քաղաքական պատրվակների տակ

ՀՀ ՄԻՊ–ը միջազգային կառույցներին կոչ է անում չթաքնվել քաղաքական պատրվակների տակ

Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակվող լուրերը: «Խոսքը 3 000-4 000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1 500-2 000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների»,– հայտնում է պաշտպանը։

Նրա մեկնաբանմամբ` այս լուրերը պարբերաբար հաստատում են ոչ միայն միջազգային լրատվամիջոցները, այլև մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպությունները:

«Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ը շեշտում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել էր վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Այս հիմքով, ըստ Թաթոյանի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն Ադրբեջանի տարածքում վարձկանների ներկայության մասին փաստերին, ընդ որում` ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով:

«Միջազգային հանրությունը` այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները, իրավունք չունեն անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»»,– նշում է Թաթոյանը:

Պաշտպանը նաև հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնությամբ, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Արցախի ու նաևՀայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորվում են խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 10 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։