գլխավոր Միջազգային Բելառուսը դարձնել դեպի ժողովրդավարություն ոչ բռնի անցման օրինակ. Տիխանովսկայան` Բայդենի հետ հանդիպման...

Բելառուսը դարձնել դեպի ժողովրդավարություն ոչ բռնի անցման օրինակ. Տիխանովսկայան` Բայդենի հետ հանդիպման մասին

Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը վերջինիս  կոչ է արել օգնել հանրապետությունը դարձնել «դեպի ժողովրդավարություն ոչ բռնի անցման» օրինակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որպես քաղաքական գործիչ, ես ուրախ եմ այս հանդիպման համար: Նախագահ Բայդենն ասել է, որ բռնատիրության և ժողովրդավարության միջև պայքարը աշխարհում շարունակվում է: Եվ դուք գիտեք, որ Բելառուսը այս պայքարի առաջնագծում է: Հետևաբար, ես կոչ եմ արել նախագահ Բայդենին օգնել մեզ Բելառուսը դարձնել դեպի ժողովրդավարություն  ոչ բռնի անցման հաջող օրինակ»,-գրել է Տիխանովսկայան իր տելեգրամյան ալիքում:

Նշվում է նաև, որ, ըստ Տիխանովսկայայի, Բելառուսի ճգնաժամը կարող է լուծվել միայն «միջազգային վերահսկողության ներքո նոր ազատ ընտրությունների անցկացման դեպքում»: Բացի այդ, ընդդիմադիր քաղաքական գործիչը համոզված է, որ հանրապետության ճգնաժամը պետք է ներառվի միջազգային օրակարգում ՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, և «բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարաններում»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երեկ առավոտյան Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն  է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: