գլխավոր Աշխարհ Փարիզում հանցագործը Վան Դամի «շնորհիվ» կողոպտել է թանկարժեք իրերի խանութը

Փարիզում հանցագործը Վան Դամի «շնորհիվ» կողոպտել է թանկարժեք իրերի խանութը

Ֆրանսիայում ձերբակալել են Փարիզի կենտրոնում գտնվող Chaumet թանկարժեք իրերի խանութը կողոպտած հանցագործները: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Կողոպուտը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ հուլիսի 27-ին: Բաց մոխրագույն կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և փողկապով ալևոր չարագործը խանութ էր եկել որպես հաճախորդ: Նա զրույց է սկսել վաճառողների հետ, իսկ հետո հանել է դանակը և սպառնալիքներով ստիպել, որ նրան 2-3 միլիոն եվրոյի զարդեր տան:

Պատահաբար հենց այդ պահին դերասան Ժան-Կլոդ վան Դամը մտել է նույն փողոցում գտնվող խանութ: Սա շեղել է մոտակա սրճարանի այցելուներին և թույլ է տվել հանցագործին աննկատ թաքնվել: Մինչ բոլորը տարված էին աստղով, կողոպտիչը թալանով դուրս է եկել փողոց, ցատկել է էլեկտրական ինքնագնացի վրա և անարգել հեռացել:

Հաջորդ օրը կասկածյալը և նրա հնարավոր հանցակիցը բերման են ենթարկվել Ֆրանսիայի սահմանակից Մոզելի բաժին: Le Point պարբերականը գրում  է, որ նրանց մոտ ավտոբուսի տոմսեր է եղել դեպի Սերբիա: Գողացված զարդերի մեծ մասն արդեն հայտնաբերվել է: