գլխավոր Միջազգային ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում սահմանի առանձին հատվածներում սրման կամ լարվածության ցանկացած դրսևորում....

ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում սահմանի առանձին հատվածներում սրման կամ լարվածության ցանկացած դրսևորում. Զախարովան` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի հարցին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը, որը սերտ կապեր ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և իրավիճակին Ղարաբաղում, որտեղ գտնվում է մեր խաղաղապահ զորախումբը: Ռուսաստանը շարունակում է զգալի ներդրում ունենալ կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման`ներառյալ ռազմագերիների, փախստականների վերադարձը և զոհերի մարմինների փոխանակումը: Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության կառուցմանը, շարունակում ենք աշխատել տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքն ապահովելու ուղղությամբ»:

Զախարովան իր խոսքում ընդգծել է, որ, իհարկե, Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգությամբ է ընդունում սահմանի առանձին հատվածներում սրման կամ լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա, չի նպատստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կառուցմանը, հանգեցնում է երկու երկրների բանկչության շրջանում չարդարացված կորուստների:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել զոհված հայ զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի հետևանքով տուժածներին:

«Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է: Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Անհրաժեշտ է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից, ուժային մեթոդներից»,-ասել է Զախարովան` ընդգծելով, որ անհրաժեշտ է համակարգային քրտնաջան աշխատանք, որպեսզի հնարավոր լինի փոխընդունելի փոխզիջումներ գտնել:

Նա նշել է, որ Մոսկվան թե՛ Երևանին, թե՛ Բաքվին այս մոտեցմանն է տրամադրում: 

«Համոզված ենք, որ կայուն ապաէսկալացիան կարող է ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման անհապաղ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանազատմամբ: Պատրաստ ենք այդ ջանքերն ամրապնդել մեզ մոտ եղած քարտեզային տեղեկություններով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել: Ներկայում այս թեմայով շփումները շարունակվում են պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով»,-ասել է Զախարովան:

Մեկնաբանելով Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպումները ՌԴ նախագահի հետ՝ Զախարովան ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակի խնդիրները եղել են բանակցությունների առանցքային թեման:

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում առկա խնդիրների դժվար և մասշտաբային լինելուն, հաստատել են օպտիմալ լուծումներ գտնելու իրենց վճռականությունը, արտահայտել են իրենց վճռականությունը հետևողական և համապարփակ իրականացնելու նախորդ տարվա նոյեմբերի իննին կնքված և արյունահեղությունը դադարեցրած, ինչպես նաև ընթացիկ տարվա հունվարի տասնմեկին Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և կոմունիկացիաների ապաշրջափակման հեռանկարը բացած համաձայնագրերը»,-ասել է Զախարովան: 

Նաև, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն է դարձրել աշխատանքային եռակողմ խմբի գործունեությանը, որն անցկացրել է քննարկումների մի քանի փուլ.«Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում աշխատանքային խումբը կկարողանա վերսկսել հանդիպումները: Դա հնարավորություն կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք բխում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ամբողջ Հարավային Կովկասի շահերից»: