գլխավոր Միջազգային Պեսկովը մեկնաբանել է Բայդենի` Պուտինի «մեծ խնդրի» մասին հայտարարությունը

Պեսկովը մեկնաբանել է Բայդենի` Պուտինի «մեծ խնդրի» մասին հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը բացի միջուկային զենքից և նավթագազային ոլորտից, այլ բան չունի, ըստ էության սխալ են. ակնհայտ է, որ Սպիտակ տունը սխալ գիտելիքներ ունի ժամանակակից Ռուսաստանի վերաբերյալ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Բայդենի համապատասխան հայտարարությունը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի տնտեսությունը հենված է բացառապես միջուկային զենքի և նավթային ռեսուրսների վրա:

«Պուտինը մեծ խնդիր ունի, քանի որ նա մի տնտեսություն է ղեկավարում, որը միայն միջուկային զենք և նավթահորեր ունի, ուրիշ ոչինչ: Պուտինը գիտի, որ տհաճ իրավիճակում է գտնվում, և դա, իմ կարծիքով, նրան առավել քան վտանգավոր է դարձնում»,- նշել է Բայդենը:

«Դրանք (Բայդենի հայտարարությունները) ըստ էության առնվազն սխալ են… Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը բարձրաձայնում է այն հայտարարությունները, որոնք պատրաստվում են իր ապարատի կողմից: Այստեղ ժամանակակից Ռուսաստանի վերաբերյալ սխալ գիտելիքներ և պատկերացումներ կան: Այո՛, Ռուսաստանը ամենամեծ միջուկային տերությունն է, շատ պատասխանատու միջուկային տերություն է, և այո՛, այն բավականին մեծ նավթագազային հատված ունեցող երկիր է: Միևնույն ժամանակ պնդել, որ Ռուսաստանի Դաշնությունը այլ բան չունի, սկզբունքորեն սխալ է», – ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Բայդենին փորձագիտական հիմքով փաստաթղթեր չեն ներկայացվել այս առնչությամբ:

Պեսկովը խոսքով` ՌԴ-ում զարգացած են նաև առաջատար միջուկային էներգետիկան, նորարարական ոլորտների առաջխաղացումը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, որի արտահանումն ավելի մեծ է, քան զենքի արտահանման արդյունքում վաստակած գումարը: