գլխավոր Իրադարձային Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ

Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզում ժամը 10.40–ի դրությամբ համատեղ քննարկումների և պայմանավորվածության արդյունքում հրադադար է հաստատվել, որը մինչ այս պահը չի խախտվում։ Տեղեկությունը Գեղարքունիքում գտնվող Sputnik Արմենիայի նկարահանող խմբին ասել է Գեղարքունիքի մարզետ Գնել Սանոսյանը։

«Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են, և հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։ Գիշերը մեկ դիրքում ունեցել ենք խնդիր, որտեղ մարտեր են ընթացել, մեր տղաներն են զոհվել, բայց արագ վերականգնվել է այդ դիրքային խնդիրը և ողջ սահմանագծում որևէ այլ փոփոխություն չկա»,–ասաց նա։

Մարզպետի խոսքով` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, բնակավայրերում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։

«Այս ընթացքում հասցրել եմ բնակավայրերում լինել։ Իհարկե բոլորն էլ որոշակի անհանգստություն ունեն կապված ստեղծված իրավիճակի հետ, բայց խուճապ չկա»,–ասաց նա։

Մարզպետի խոսքով` Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար անկանոն կրակում է համայնքների ուղղությամբ, քանի որ այդ կրակոցները խոշոր տրամաչափերի զինատեսակներից չեն, համայնքներում վնասներ չկան։

Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են միայն Սոթքի հանքի աշխատակիցները։

Ավելի վաղ Սանոսյանը հայտնել էր, որ ունենք 3 զոհ, 4 վիրավոր, որոնցից 3–ի վիճակը բավարար է, իսկ մեկի վիճակը բավականին ծանր։ Բոլորը Վարդենիսի բուժկենտրոնում առաջնային օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան։