գլխավոր Իրադարձային Ադրբեջանը փորձում է երաշխիքներ ստանալ՝ սեփական տարածքային ամբողջականության վերաբերյալ.քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է երաշխիքներ ստանալ՝ սեփական տարածքային ամբողջականության վերաբերյալ.քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է ստանալ սեփական տարածքային ամբողջականության վերաբերյալ երաշխիքներ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով Գեղարքունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի նախահարձակ գործողություններին։ 

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 28-ի գիշերը՝ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր:

Քաղաքագետի խոսքով՝ հակառակորդի նպատակն է ունենալ պայմանագիր, որի շրջանակներում լուծվելու է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև նոր պայմանագիր, որի շրջանակներում Ադրբեջանը փորձելու է ստանալ սեփական տարածքային ամբողջականության վերաբերյալ երաշխիքներ.

«Ադրբեջանի գործողություններն ուղղված են նրան, որպեսզի ստանան ՀՀ ներկայացուցչի ստորագրությունը համապատասխան համաձայնագրի կամ փաստաթղթի տակ, որն իրենց համար հիմք կհանդասանա՝ երկու երկրների միջև սահման գծելու համար: Մի կողմից խոսքը իրավիճակի լարվածության մասին է, այն նպատակով, որ Ադրբեջանն առաջ քաշի և իրականացնի սեփական շահը, մյուս կողմից՝ փորձում են լուծում տալ սահմանային դելիմիտացիային և դեմարկացիային, և ստանալ հնարավորություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրենց համար ձեռնտու պայմաններով պայմանագրի ստորագրության համար: Հիմնական նպատակը երևի սրանք են »,-ասաց բանախոսը: