գլխավոր Իրադարձային Քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման մրցույթ. ֆոնդը՝ 16 մլն դրամ

Քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման մրցույթ. ֆոնդը՝ 16 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքների բաց մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 16 մլն ՀՀ դրամ, որից՝

– առաջին մրցանակ ՝ 8 մլն ՀՀ դրամ,

– երկրորդ մրցանակ՝ 5 մլն ՀՀ դրամ,

– երրորդ մրցանակ՝ 3 մլն ՀՀ դրամ:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ Կարապի լիճը) վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հայտարարում է լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:

– Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը:

– Գաղափարի հիմքում ընկած է Երևան քաղաքի պատմական միջուկում՝ պահպանության գոտում ծավալատարածական դոմինանտների ընկալման տեսարանների մեծացումը, համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտի ստեղծումը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև տարածքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելը: