գլխավոր Քաղաքականություն Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ

Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ

Արարատ Միրզոյանը ու Տիգրան Ավինյանն իրենց հետագա գործունեությունը կշարունակեն որպես ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ալեն Սիմոնյանը, որը հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին։

«Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Տիգրան Ավինյանը ՔՊ հիմնադիր անդամներ են, շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ-ի վարչությունում՝ որպես ակտիվ կուսակից»,- ՔՊ-ի նոր ընտրված պատգամավորների հետ Փաշինյանի հանդիպումից հետո հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Մեկնաբանելով ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ ՀՀ Արդարադատության նախարար նշանակելու մասին տեղեկությունը՝ նա ասել է, որ Կառավարության կազմի հետ կապված որևէ տեղեկություն դեռ չունի ու նշել, թե ընդհանրապես չի կարող ասել գործադիրում շատ փոփոխություններ կլինեն, թե՝ ոչ՝ առաջարկելով նման հարցերով դիմել գործադիրին։

Անդրադառնալով նաև ԱԺ հանձնաժողովների բաշխմանը, նա նշեց, որ ունեն նախընտրած հանձնաժողովներ, բայց սպասում են ընդդիմության հետ քննարկումներին:

«Ըստ օրենքի՝ 2 հանձնաժողով ընտրելու ենք մենք, հետո 2-րդ տեղը զբաղեցրած դաշինքը, հետո կրկին մենք: «Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենա հանձնաժողովի ղեկավարի պաշտոն, կունենա՝ ղեկավարի տեղակալի պաշտոն: Երբ 3 հանձնաժողով «Հայաստան» դաշինքը կընտրի, մնացած հանձնաժողովները կանցնի ՔՊ-ին»,-ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ «Պատիվ ունեմ» դաշինքն ունենալու է հանձնաժողովի մեկ տեղակալ, ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու մեկ ներկայացուցչով, ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար պետք է քննարկել ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի պաշտտոնը 3-րդ քաղաքական ուժին՝ «Պատիվ ունեմ»-ին տալու հարցը։