գլխավոր Սպորտ Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն

Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը Տոկիոյի խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն։

Մարմնամարզության տղամարդկանց թիմային պայքարը շատ լարված ու դիտարժան էր։ Մինչև վերջին մարզիկի ելույթը հայտնի չէր, թե որ թիմը` Ճապոնիան, թե Ռուսաստանի հավաքականն են դառնալու չեմպիոն։ Ու երբ իր գործողություններն ազատ վարժությունում ավարտեց Նիկիտա Նագորնին բոլորի հայացքները սևեռեցին դեպի մրցավարները։ Լուսատախտակի վրա ցուցադրված բալերը Ռուսաստանի հավաքականին ապահովեցին 1.3 տասնորդական առավելություն ճապոնացիների նկատմամբ, և օլիմպիական ոսկե մեդալ։

Հատկապես պետք է ընդգծել Արթուր Դալալոյանի ելույթները։ Հայազգի մարմնամարզիկը ծանրագույն վնասվածքից հետո նույնիսկ հստակ չէր կարողանում քայլել, երբեմն կաղում էր։ Բայց կամային ֆանտաստիկ որակների շնորհիվ, Արթուրը անհնարինը դարձրեց ակնհայտ. նա իր հրաշալի թիմի հետ հուզվեց և արտասվեց ոսկե հաղթանակից հետո։

Դալալոյանը խոստովանում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում հաղթելուց ստացած հույզերը չեզոքացնում են իր ունեցած ողջ ցավը: Այս մասին մարզիկը հայտնել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հաղթանակի զգացումը մոռացնում է այն ցավը, որը ես զգացել եմ, այդ պատճառով ինձ հիանալի եմ զգում։ Սկզբում մենք մեզ ավելի վստահ էինք, հանգիստ մեկնարկեցինք, բայց վերջում արդեն նյարդային վիճակ էր», – ասել է Դալալոյանը։

Մարմնամարզության Ռուսաստանի տղամարդկանց քառյակը` Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինն օլիմպիադայի թիմային մրցաշարում հաղթել են 262,500 միավորով և Տոկիոյում նվաճել օլիմպիական խաղերի չեմպիոն կոչումը։

Արծաթն իրենց ակտիվում գրանցել են ճապոնացիները՝ 262,397 միավորով։ Բրոնզե մեդալակիրներ դարձան չինացիները ՝ 261,894: