գլխավոր Իրադարձային Դատավոր Արմեն Դանիելյանը ծանր է տարել ինքնաբացարկի միջնորդությունը.փաստաբան

Դատավոր Արմեն Դանիելյանը ծանր է տարել ինքնաբացարկի միջնորդությունը.փաստաբան

Դատավոր Արմեն Դանիելյանի կողմից ինքնաբացարկ չհայտնելու պարագայում Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժվելու է, լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ կշարունակեն սպառել ներպետական ատյանները, որ կարողանան հարցը ՄԻԵԴ-ում բարձրացնել։

«Մեզ մոտ դեժավյու իրավիճակ է, թեև սովոր ենք, որ Հայաստանի ներպետական ատյանները քաղաքական գործերով եղել են ուղղակի սպառելու վայր, որ կարողանաս ԵԴ բողոք ներկայացնել։ Իսկ այն բանից հետո, երբ Վերաքննիչ քրեական դատարանի համակարգիչն անհետ կորել է և նման կերպ հին, բայց շատ նոր նախագահ Տիգրան Սահակյանը հիմա էլ այս բողոքը մակագրել է Արմեն Դանիելյանին, մեզ համար արդեն ամեն ինչ պարզ էր։ Կոնկրետ Արմեն Դանիելյանից ակնկալել դատական պաշտպանություն՝ անիմաստ է»,- նշեց Վարոսյանը։
Իսկ թե ինչպիսին էր դատավորի արձագանքը՝ ինքնաբացարկի միջնորդությանը, Վարոսյանը նշեց, որ բավականին ծանր է տարել, որովհետև տարիների ընթացքում կուտակված ասելիքներ են ունեցել՝ ուղղված Դանիելյանին, ինչն ասել են։

Անդրադառնալով հարցին, թե դատախազներն ինչ դիրքորոշում են ունեցել՝ մակագրման գործընթացին, Վարոսյանը նշեց, որ որևէ պարզաբանում չի հնչել, թե ուր են համակարգիչները, մինչդեռ դատախազը, որը ներկա էր դատական նիստին, առնվազն պետք է ի պաշտոնե տեղեկատվություն ունենար, բայց նման տեղեկատվություն չի հայտնվել, ավելին՝ անգամ փորձ չի արվել՝ դատարանից պարզել, թե որ օրն են տարել, ինչպես է ստացվել, որ հենց այդ օրը պետք է մակագրում լիներ, ինչու մեկ-երկու օր չսպասեցին։
«Դուք կտեսնեք՝ ամիսներ շարունակ սա կդառնա հանցավոր պրակտիկա»,- նշեց Վարոսյանը։