
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Արցախ է ճանապարհել «Կարմիր բերետներ-5165» կամավորական ջոկատի տղաներին։ Մարությանը գրել է Facebook-ի իր էջում և լուսանկարներ հրապարակել։
«Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ: Անպատմելի ոգևորություն էր տիրում: Մեզ հետ էր նաև լեգենդար Կոմանդոսը:Մեր ոգին անպարտելի է»,-գրել է Մարությանը Facebook-ի իր էջում և ավելացրել` անկասկած, հաղթելու ենք։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։