գլխավոր Գլխավոր Փարամազյանի պաշտպանները չեն մասնակցի դատական նիստին, եթե ինքնաբացարկի միջնորդությունը չբավարարվի. Սահակյան

Փարամազյանի պաշտպանները չեն մասնակցի դատական նիստին, եթե ինքնաբացարկի միջնորդությունը չբավարարվի. Սահակյան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

«Գլխավոր հարցն այն է, թե ինչպես է այս բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին։ Մենք բարձրացրեցինք այդ հարցը, ակնկալում էինք պատասխան, բայց նա ասաց, որ նախագահն է մակագրել և որևէ պատճառաբանություն չներկայացրեց, թե ինչ իրավունքով է նախագահը իրեն մակագրել»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ բարձրացրած հարցադրումներով հասկացել են, որ իրականությանը համապատասխանում է լուրերն առ այն, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտն առգրավել է համակարգիչներ, այդ թվում այն, որի միջոցով կատարվում են մակագրումները, ուստիեւ վերաքննիչ քրեական դատարանի նախագահն է մակագրումներ անում, ինչը օրենքով սահմանված կարգով չէ։

Ըստ Սահակյանի՝ օրենքը նախատեսում է միայն մեկ դեպք՝ անհաղթահարելի ուժ, որի պայմաններում նախագահը իրավունք ունի իրականացնելու մակագրություն։ Ըստ Փաստաբանի՝ սա չի կարող համարվել անհաղթահարելի ուժ, քանի որ համակարգը հնարավոր էր շատ արագ վերականգնել և մակագրությունը իրականացվեր օրենքով սահմանված կարգով։ Սահակյանը տեղեկացրեց, որ հարց են բարձրացրել նաև այն մասին, որ լրջագույն խնդիր է, որ գործադիր մարմինը ուղիղ ազդեցություն է գործադրում դատական իշխանության նկատմամբ։

«ԱԱԾ քննչական դեպարտամենտն է իրականացրել առգրավումը, այն դեպարտամենտը, որի միջնորդությամբ Մանվել Փարամազյանը կալանավորված է և որը քննում է նրա վերաբերյալ գործը։ Այդ մարմինը, որի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացված, կարող է գալ համակարգիչը առգրավել և իրավիճակ ստեղծվի, որ իրենց ցանկությամբ մակագրություն իրականացվի, ինչը և կատարվել է»։

Սահակյանը նշեց, որ չի բացատրվում, թե ինչո՞ւ են առգրավվել համակարգիչները, վարույթում դա չի երևում։ Վերջինս նշեց՝ դատավորը իրավունք ուներ բացելու դատական նիստը այն բանից հետո, երբ կպարզեր, որ օրենքով սահմանված կարգով է մակագրությունը իրականացվել, որից հետո դատական նիստը կգումարվեր։

«Մենք գիտենք Արմեն Դանիելյանն ով է։ Այն դատավորն է, որը տարիներ շարունակ ճանաչվել է վատագույն դատավոր և այն դատավորն է, որ իշխանության ցանկացած պատվեր իրականացնում է։ Ուստի խնդրել ենք, որպեսզի նա ինքնաբացարկ հայտնի, եթե ուժ ունի՝ այդպիսի որոշում կայացնելու։ Ներկայացրել ենք նաև Մանվել Փարամազյանի դիրքորոշումը, որ ցանկանում էր այս բողոքի քննարկմանը մասնակցեր, բայց այն բանից հետո, երբ պարզել է, որ Արմեն Դանիելյանն է քննելու, այսինք՝ ձևական բնույթ են կրելու այս դատական նիստում բարձրացրած հարցերը, նա չի ցանկանում մասնակցել դատական նիստին»։

Սահակյանը հայտարարեց, որ իրենք ևս հայտնել են՝ չեն մասնակցի դատական նիստին, եթե դատարանը որոշեց ինքնաբացարկի միջնորդությունը չբավարարել։