գլխավոր Քաղաքականություն Հնարավոր է, որ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը Արցախի հարցով...

Հնարավոր է, որ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը Արցախի հարցով հանդես գան համատեղ հայտարարությամբ

Ակնկալվում է, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց է ունենալու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Դատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ Մակրոնի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից՝ հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները՝ Դոնալդ Թրամփը, Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը Արցախի հարցով հանդես գան համատեղ հայտարարությամբ։

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Մակրոնը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը հայտնում է, որ հանգամանալից քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն է արտահայտվել լայնածավալ մարտական գործողությունների շարունակման կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը հակամարտ կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջովին դադարեցել կրակը, լիցքաթափել լարվածությունը և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծումն այլընտրանք չունի։ Այս համատեքստում քննարկվել են հետագա համագործակցության կոնկրետ պարամետրեր, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Պատրաստակամություն է ցուցաբերվել, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների առաջնորդների անունից հայտարարություն արվի՝ ռազմական առճակատումն անհապաղ դադարեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու մասին։