գլխավոր COVID-19 ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստը կարծում է, որ պատվաստվածների մի մասին կովիդի դեմ պատվաստանյութի...

ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստը կարծում է, որ պատվաստվածների մի մասին կովիդի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժին է հարկավոր

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բուստերային դեղաչափի կիրառումը կարող է պահանջվել թուլացած իմունիտետով մարդկանց: Այս մասին կիրակի CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին։

Ինֆեկցիոնիստի խոսքով՝ պատվաստանյութի բուստերային չափաբաժնի կիրառումը «միանգամայն հնարավոր է»։ Նա հավելել է, որ առաջին հերթին դա կարող է պահանջվել «բնակչության առավել խոցելի խմբերին»: Դրանց թվում Ֆաուչին թվարկել է «ցածր իմունային համակարգով մարդկանց, նրանց, ովքեր փոխպատվաստման վիրահատություն են տարել, որոնք քիմիաթերապիա են անցնում քաղցկեղի պատճառով, որոնք տառապում են աուտոիմունային հիվանդություններով, որոնք դեղամիջոցներ են ընդունում իմունիտետը ճնշելու համար»:

Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 34,4 մլն դեպք է հայտնաբերվել, մահացել է ավելի քան 610 հազար մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում: