գլխավոր Իրադարձային Պետությունը 100 տոկոսով պետք է փոխհատուցի մարզերի բուհերի որոշակի մասնագիտությունների գծով ուսանողների...

Պետությունը 100 տոկոսով պետք է փոխհատուցի մարզերի բուհերի որոշակի մասնագիտությունների գծով ուսանողների վարձավճարներն ու այդ ժամանակ մարդիկ կմնան մարզերում. Կրթության փորձագետ

«2021 թ. ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019, և թե 2020 թվականների քննություններից: 2019 թ. քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020թ․ դիմորդները հանձնել են ընդամենը մեկ քննություն, իսկ 2021թ. առավելագույնը երկու ընդունելության քննություն: Դա ասացի նրա համար, որպեսզի չհամեմատենք 2019, 2020 և 2021 թվականները»,- հուլիսի 19-ին ասուլիսի ժամանակ հայտնել էր Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նա նշել էր, որ բուհերին 1800 անվճար տեղ է հատկացվել, իսկ վճարովի տեղերը 21․800 են եղել: ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 11․058 դիմորդ, ընդունվածների թիվը 8083 է:
Անդրադառնալով թափուր մնացած տեղերին՝ ԳԹԿ փոխտնօրենն ասել է. «Բացի պետական բուհերից, ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը: Մոտավորապես 15000 թափուր տեղ դեռևս ունենք»:

Կրթության փորձագետ Ատոմ Մխթարյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ թափուր տեղերը շատ են, գուցե խնդիրը բարձր վարձավճարներն են, վերջինը պատասխանեց.

«Ընդունելության համակարգը մեզ մոտ ճգնաժամ է ապրում: ԽՍՀՄ տարիներին ինչպես գործել է, այնպես էլ շարունակում է գործել, մինչդեռ մենք վաղուց  հրաժեշտ ենք տվել պլանային տնտեսությանը, և անհնար է պետության կողմից պլանավորել, թե որ մասնագիտությամբ որ գյուղում թափուր տեղ լինի: Հայեցակարգային մոտեցումները պետք է փոխվեն: Թափուր տեղերն ակնհայտ են մեր մարզային բուհերում: Նույնիսկ մարզերի դպրոցների լավագույն շրջանավարտներն ավարտելով ձգտում են քաղաքներում, հատկապես՝ Երևանում, ստանալ բարձրագույն կրթություն, և դա հանգեցնում է մարզերի դատարկվելուն: Իսկ պետությունն այս առումով որևէ գործ չի անում, այնինչ այս ոլորտում պետական քաղաքականություն պետք է վարել, իսկ դա նշանակում է, որ պետությունը պետք է խրախուսի, 100 տոկոսով փոխհատուցի որոշակի բուհերի որոշակի մասնագիտությունների գծով ուսանողների վարձավճարները, ու այդ ժամանակ մարդիկ կդիմեն ու կմնան մարզերում»,- նշեց Ատոմ Մխթարյանը:

Նրա խոսքով՝ բուհերում թափուր տեղերի պատճառներից են նաև արտագաղթը, հանրակրթության համակարգի ոչ արդյունավետ գործունեությունը: Ինչպես նաև կա շեմ, որը դիմորդներից շատերը ցածր գնահատականներ ստանալով՝ չեն կարողանում հաղթահարել:

Աղբյուր՝ 168․am