գլխավոր COVID-19 Մակրոնը մեկնաբանել է Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի դեմ լայնածավալ ցույցերը

Մակրոնը մեկնաբանել է Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի դեմ լայնածավալ ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի դեմ լայնածավալ ցույցերը, ազգին միասնության կոչ է արել և ընդգծել է, որ առանց պարտավորությունների ազատություն գոյություն չունի, գրում է ria.ru-ն։

«Ոչ մի ազատություն չի կարող գոյություն ունենալ առանց պարտավորությունների։ Չկա ազատություն, երբ ոչ մի պարտավորություն չունեմ դիմացինիս նկատմամբ: Իմ ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը։ Այն հիմնված է փոխադարձ պարտականությունների վրա։ Եթե դուք չեք ցանկանում պատվաստվել, ապա վաղը կարող եք վարակել ձեր հորը, մորը կամ ինձ։ Ուրեմն, ես կդառնամ ձեր ազատության զոհը, մինչ դուք հնարավորություն ունեիք պաշտպանել ձեզ և ինձ։ Դա ազատություն չէ, դա կոչվում է անպատասխանատվություն և եսասիրություն»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդը նաև համախմբման կոչ է արել՝ նշելով, որ հարգալից է վերաբերվում այն մարդկանց, ովքեր կասկածներ ունեն պատվասանյութերի վերաբերյալ:

«Ես հարգում եմ կասկածները։ Կարծում եմ, որ կասկածներին պետք է փարատել համբերությամբ։ Դրա հետ մեկտեղ ես արձանագրում եմ, որ բողոքի ակցիաների ժամանակ կան մարդիկ, որոնք գործում են ոչ ռացիոնալ, ցինիկաբար և մանիպուլյացիաների են դիմում»,- ընդգծել Է Մակրոնը:

Նշենք, որ Ֆրանսիայում, պաշտոնական տվյալներով, ավելի քան 160 000 մարդ է մասնակցել երկրի ամբողջ տարածքում անցկացված շաբաթօրյա ցույցերին:

Բազմահազարանոց ցույցերի մասնակիցներն իրենց բողոքն էին հայտնում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի առնչությամբ: Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, երբ բախումներ են սկսվել բողոքի ակցիայի ժամանակ: Նշվում է, որ նաև ձերբակալություններ են եղել:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկն այժմ պատվաստված լինելու մասին երկրի մի շարք շրջաններում պահանջվող «անցաթուղթն» է, որի առկայությամբ միայն մարդիկ կարող են որոշ վայրեր այցելել: Կառավարությունը նման կանոն է սահմանել վիրուսի աննախադեպ աճի տեմպերով պայմանավորված:

Երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5.9 մլն մարդ, մահացել՝ 111 616-ը: