գլխավոր Իրադարձային Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին կանխակալության մեջ է մեղադրել

Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին կանխակալության մեջ է մեղադրել

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ Սուրբ Սոֆյայի եկեղեցին եւ մզկիթի վերածված Չորա վանքը Թուրքիայի Հանրապետության սեփականությունն են, որոնք գտնվում են պետության պաշտպանության տակ՝ որպես պատմական մշակութային եւ կրոնական վայրեր, հայտնում է Anadolu:

Թուրք դիվանագետը շտապել է հիշեցնել, որ «Սուրբ Սոֆյային մզկիթի կարգավիճակը վերադարձնելու որոշումը կայացրել է երկրի դատական մարմինը»:

«Մեկ տարի առաջ ընդունված որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է: Սուրբ Սոֆյայի կարգավիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացի հենց սկզբից Թուրքիայի իշխանությունները անմիջական եւ շարունակական կապի մեջ են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական առաքելությունը երկու անգամ այցելել է Ստամբուլ, ինչը հաստատում է Թուրքիայի իշխանությունների դիրքորոշման թափանցիկությունն ու կառուցողականությունը: Այս փաստը հստակ նշված է առաքելության զեկույցներում»,- ասել է Բիլգիչը:

Դիվանագետը նշել է, որ «բոլոր աշխատանքներն ուղղված են Սուրբ Սոֆիայի եւ Քարիեի նախնական տեսքի եւ ամբողջականության պահպանմանը, եւ Թուրքիան կատարում է Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի բոլոր պարտավորությունները»: