գլխավոր Իրադարձային Հայաստանը ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել և փոխգործակցության նոր...

Հայաստանը ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել և փոխգործակցության նոր էջ սկսել․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։

Վարչապետ Սուգա Յոշիհիդեն ողջունել է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ճապոնիա և շնորհակալություն հայտնել Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին՝ աննախադեպ իրավիճակում օլիմպիական խաղերի հաջող կազմակերպման և անցկացման համար և նշել, որ տպավորված է բացման արարողությունով ու միջոցառման կազմակերպման բարձր մակարդակով։

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Ճապոնիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ օրակարգին և հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կողմերը նշել են, որ առկա է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ, որը լիարժեքորեն չի իրացվում։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, իր կայուն և կայացած ֆինանսաբանկային համակարգով, ճապոնական ընկերությունների համար կարող է ծառայել որպես հենակետ եվրասիական երկրների շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաև ճապոնական ընկերությունները կարող են ներգրավվել Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերում, մասնավորապես, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ մեկնարկող ծրագրերում։

Նախագահ Սարգսյանը կարևորել է նորարարության, սննդի անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում ճապոնական ընկերությունների հետ համագործակցությունը։ Խոսելով Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության մասին՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինի նախաձեռնության շրջանակում ճապոնական ընկերությունների հետ փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսում է հանդիպել Mitsubishi Heavy Industries ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները։

Նախագահն անդրադարձել է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությանը և Սևանի բնապահպանական միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ ծրագրի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ այն հնարավոր է իրականացնել Հայաստանի պարտքը փոխակերպելով Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության իրականացմամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության և դրամաշնորհային ծրագրերի համար։

Վարչապետ Սուգա Յոշիհիդեն նշել է, որ Ճապոնիան նույնպես հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության խորացմամբ։ Նա ընդգծել է, որ ճապոնացի հայտնի գործիչ Էիչի Շիբուսավայի գործունեությունը երկու ժողովուրդների բարեկամության լավ օրինակ է, և ճապոնական կողմը պատրաստակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները։

Կողմերն ընդգծել են հայ-ճապոնական հարաբերություններին նոր որակ հաղորդելու և փոխգործակցության նոր էջ սկսելու կարևորությունը։ Միմյանց ներուժին և հնարավորություններին ծանոթանալու, թիրախային նախագծեր մշակելու և իրականացնելու նպատակով նախագահ Սարգսյանն առաջարկել է Էիչի Շիբուսավայի անվան հայ-ճապոնական համատեղ կառույց ստեղծել՝ հայկական և ճապոնական ընկերությունների մասնակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ համագործակցությանն ու միջազգային կազմակերպություններում գործակցությանը։