գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի Դելտա շտամը գերիշխող է դարձել Եվրոպայում

Կորոնավիրուսի Դելտա շտամը գերիշխող է դարձել Եվրոպայում

Եվրոպայի մեծ մասում գերակշռում է կորոնավիրուսի Դելտա շտամը: Այս մասին հուլիսի 23-ին հաղորդել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը  և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն, գրում է korrespondent.net կայքը:

Այսպիսով, հունիսի 28-ից  հուլիսի 11-ը ընկած ժամանակահատվածում հավաքված տվյալների համաձայն, Դելտա շտամը գերակշռում է տեղեկատվություն տրամադրած 28 երկրներից 19-ում: 19 երկրներում հայտնաբերված Դելտա շտամի մասնաբաժինը կազմում է 68.3%, իսկ Ալֆա  շտամինը` 22.3%:

«Առաջիկա ամիսներին Դելտա տարբերակը կդառնա գերիշխող աշխարհում,  այն արդեն նույնականացվել է եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Այն կշարունակվի տարածել և դուրս կմղի այլ տարբերակների տարածումը, եթե նոր, ավելի մրցունակ վիրուս չհայտնվի»,- ասված է հայտարարության մեջ:

Կազմակերպությունների ներկայացուցիչները խրախուսում են պատվաստումների արագացումը, քանի որ պատվաստումները թույլ են տալիս ավելի հեշտ տանել վարակը: