գլխավոր Իրադարձային Ասում էր՝ Ջիվան ջան, մարդ լինես, Աստված քեզ կտեսնի ու միշտ պահապան...

Ասում էր՝ Ջիվան ջան, մարդ լինես, Աստված քեզ կտեսնի ու միշտ պահապան կլինի. Իր շնորհիվ ես սիրեցի դուդուկը. Ջիվան Գասպարյան կրտսեր

«Իրենից միշտ կմնա իր խորհուրդները, իր թողած երաժշտությունը, դասերը և հոգևոր մարդկային վերաբերմունքն ու դաստիարակությունը, թե ոնց պետք է մարդ լինել». Այսօր Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում վերջին հրաժեշտն էին տալիս Ջիվան Գասպարյանին։

Ջիվան Գասպարյան կրտսերը նշել է, որ պապից առաջինը սովորել է լինել լավ մարդ, երկրորդային է արդեն մասնագիտությունը ու հաջողությունները, որին կարելի է հասնել շնորհքով և աշխատասիրությամբ։

«Ասում էր Ջիվան ջան, դա ձեռքի գործ է, մարդ լինես, Աստված քեզ կտեսնի ու միշտ պահապան կլինի։ Ասում էր՝ «ես Աստծու պահած տղա եմ։ Ոչ ոք կյանքում չի մնում, ուղղակի պետք է լավ անուն ունենաս»։

Գասպարյան կրտսերը նշեց, որ շատ չպատմած պատմություններ կան, որ մի օր անպայման հանրությանը ներկայացնի։

«Կարող եմ միայն ասել շնորհակալ եմ իրենից, որ ինձ փոխանցեց իր գործը, իր շնորհիվ սկսեցի սիրել այս գործիքները, մեծ սիրով եմ անում իր գործը ու փառքով կշարունակեմ այն»։

Անվանի դուդուկահարի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում՝ մեր Մեծերի կողքին։

Նշենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ կյանքի 93-րդ տարում մահացել է անվանի դուդուկահարն ու մեծ երաժիշտը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը։ Նա թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։