գլխավոր Իրադարձային «Քուանշ». պարզապես հավատալու տեղ չեք թողել. «Փաստ»

«Քուանշ». պարզապես հավատալու տեղ չեք թողել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Պատերազմից 8 ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն Հայաստանում գնալով ավելի է խորանում ճգնաժամը բոլոր ոլորտներում՝ քաղաքականից տնտեսական, առավել ևս՝ անվտանգային։ Թվում էր, թե ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի գոնե ինչ-որ չափով ապագայի նկատմամբ կանխատեսելիություն ապահովել, սակայն իշխանությունների վերարտադրությունը ի չիք է դարձնում նման հույսերը։ Ու թերևս թյուր են այն կարծիքները, որ իշխանությունների վերընտրման արդյունքում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամը հանգուցալուծում է ստանում։ Համենայն դեպս, իշխանություններին ձեռնտու է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ընդդիմադիր դաշինքներին խորհրդարան անցնելու կապակցությամբ, հայտարարել է, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց։ Ինչպես հենց Փաշինյանը կասեր, «քուանշ, պարոն վարչապետի պաշտոնակատար»: Իրականում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար պետք է, որ վերացվեն ճգնաժամի առաջացման պատճառները։ Իսկ Հայաստանում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամի հիմնական պատճառներն այնպիսին են, որ դրանք հաղթահարել որևէ ընտրությամբ հնարավոր չէ. ո՛չ պարտությունը կարող ես շտկել, ո՛չ բազմահազար զոհերին հետ բերել, ո՛չ էլ կորսված տարածքները: Վերջինը՝ գոնե առայժմ: Մյուս կողմից՝ ինչպես է Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված համարում, երբ իր իշխանության թողտվության արդյունքում հակառակորդը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, որտեղ ամրանալով՝ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ընդդիմությունն ու հասարակությունը պիտի իրենց նման համակերպվի՞ նման վիճակի հետ: Իհարկե, ոչ: Դեռ ավելին, տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանությունները որոշ ժամանակ անց պատրաստվում են նոր հակահայկական փաստաթուղթ ստորագրել, իսկ սահմանային լարվածությունը նրա համար է, որ փաստաթղթի ստորագրումը հանրությանը ներկայացվի որպես նոր պատերազմից ու աղետից երկիրը փրկելու լավագույն տարբերակ։ Իսկ այս հանգամանքը նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև կարող է ավելի սրվել։ Հետաքրքրական է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման մասին Փաշինյանի հայտարարությունները զուգորդվում են ատելության խոսքից ու վիրավորանքներից հրաժարվելու հավաստիացումներով։

Նա ասում է, թե իշխանությունները պատրաստ են համագործակցության՝ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Հիասքանչ, աննման խոսքեր… Բայց… Մի հատ էլ «քուանշ», պարոն վարչապետի պաշտոնակատար: Չէ, հասկանալի է, որ այս փուլում ընդդիմադիր ուժերի հետ ընդգծված կոնֆրոնտացիան, մեղմ ասած, իշխանությունների շահերից չի բխում, ինչով էլ պայմանավորված է հետընտրական համեմատաբար մեղմ լեքսիկոնը: Առաջիկա մի կարճ ժամանակահատվածում այս իշխանությունները կգնան որոշակի կոմպրոմիսների: Բայց հաշվի առնելով մի կողմից՝ գործողությունները, որոնք արվում են ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ, մյուս կողմից՝ իմանալով Փաշինյանի բնույթը, նշյալ հավաստիացումների երկարաժամկետության առումով ոչ միայն կասկածներ ունենք, այլև պարզապես դժվար է դրանց հավատալ մեծագույն ցանկության դեպքում: Իսկ ցանկություն, ավելի ճիշտ հույս՝ իրոք ունենք: Պարզապես հավատալու տեղ չեն թողել այս իշխանությունները:

Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ ներքին ատելություն, թշնամանք գեներացնողը, բռնության խոսույթը որդեգրողը եղել է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ հենց Նիկոլ Փաշինյանը։ Երեք տարի շարունակ խոսվում է այն մասին, որ իշխանությունները ներքին թշնամանք են սերմանում, պառակտում են հանրությանը, քաղաքական դաշտը բաժանում են սևերի ու սպիտակների, ինչը շատ վտանգավոր փաստի առաջ կարող է կանգնեցնել մեր հասարակությանը։ Սակայն հնչող զգուշացումները մնում էին «ձայն բարբառո անապատի», իշխանությունները շարունակում էին իրենց ավանդական գործելակերպը, քանի որ նրանց քաղաքականության կենտրոնում բացառապես քաղաքական մրցակիցների նկատմամբ հանրային թշնամանքի մթնոլորտի ստեղծումն էր։ Արդյունքները չափազանց ծանր են, այնքան, որ տասնյակ տարիներ պետք կլինեն, որ մեր հասարակությանը վերադարձնենք ադեկվատ հարաբերությունների բնականոն հուն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 24․07.21թ համարում։