գլխավոր Գլխավոր Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՀՀ ՊՆ

Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՀՀ ՊՆ

 Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշեցին նախարարությունից։

Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։

ՀՀ ՊՆ–ն իր հերթին հայտնել էր,  որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի   Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի ացառվում նաև ուժի կիրառումը, եթե բանակցությունները արդյունք չտան։