գլխավոր COVID-19 Մենք հեռու ենք համավարակի ավարտից. ԱՀԿ

Մենք հեռու ենք համավարակի ավարտից. ԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակը դեռևս հեռու է ավարտվելուց, «դելտա» հիմնամանրէն գերիշխող է դարձել Եվրոպայում և հաջորդ ամիսներին կդառնա ամենաշատ տարածվածն աշխարհում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի և հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնի հայտարարության մեջ:

«Ուսումնասիրությունների ստացված տվյալները ցույց են տալիս, որ հունիսի 28-ից մինչև հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դելտա» հիմնամանրէն գերիշխող է եղել 28 երկրից 19-ում: Ընթացիկ միտումների հիման վրա կարելի է ասել, որ «դելտա» տարբերակը հաջորդ ամիսներին կգերիշխի համաշխարհային մասշտաբով, այն արդեն հայտնաբերվել է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում: Այն կշարունակի տարածվել՝ փոխարինելով այլ տարբերակների, եթե չհայտնվի նոր՝ առավել մրցունակ վիրուս»,- ասվում է ԱՀԿ եվրոպական բյուրոյի հաղորդագրության մեջ:

«Մենք հեռու ենք համավարակի ավարտից և, ցավալիորեն, «դելտա» հիմնամանրէի տարածման դեպքերի աճ ենք նկատում մեր տարածաշրջանի բազմաթիվ երկրներում»,- մատնանշել է Եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն: