գլխավոր COVID-19 Վրաստանում առաջարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստվողներին լրացուցիչ հանգստայան օրեր հատկացնել

Վրաստանում առաջարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստվողներին լրացուցիչ հանգստայան օրեր հատկացնել

Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն գործատուներին կոչ է արել խրախուսել «Քովիդ-19»-ի դեմ պատվաստում ստացած աշխատակիցներին և նրանց ազատ օր հատկացնել:

«Գործատուները պետք է ապահովեն, որ պատվաստում ստացած մարդիկ մեկ-երկու օր տանը մնան: Օրինակ, Հիվանդությունների կանխարգելման կենտրոնում մենք երկու ազատ օր ենք տալիս այն անձանց, ովքեր պատվաստվել են: Մեզ մոտ պատվաստվել է աշխատակիցների 61 տոկոսը, և ցանկանում ենք մինչև օգոստոսի վերջ այդ ցուցանիշը հասցնել 80-85 տոկոսի», – Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ասել է Գամկրելիձեն:

Վերջինս կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված աշխատողներին կարող են այլ բոնուսներ ևս առաջարկել:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ին, առաջին փուլում պատվասվել են միայն բուժաշխատողները: Ընդհանուր առմամբ, գոնե մեկ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը հասել է 391 781-ի, որը կազմում է բնակչության 10,5 տոկոսը: