գլխավոր Շոուբիզնես Քիմ Քարդաշյանն ու երեխաները ներկա են գտնվել Քանյե Ուեսթի նոր ալբոմի շնորհանդեսին....

Քիմ Քարդաշյանն ու երեխաները ներկա են գտնվել Քանյե Ուեսթի նոր ալբոմի շնորհանդեսին. նախկին ամուսինները համահունչ կարմիր հանդերձանքներով են եղել

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը զավակների և կրտսեր քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ ներկա է եղել նախկին ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի նոր «Դոնդա» ալբոմի շնորհանդեսին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այն տեղի է ունեցել Ատլանտա քաղաքի Mercedes-Benz մարզադաշտում։

Իր մոր՝ հանգուցյալ Դոնդա Ուեսթի պատվին անվանակոչված ալբոմը, որը ստեղծվել է ռեփ կատարողներ Jay-Z-ի և Թրևիս Սքոթի հետ համագործակցության արդյունքում, անդրադարձ է Քիմ Քարդաշյանի հետ ռեփերի նախկին ամուսնությանը։

Շնորհանդեսին Քանյե Ուեսթը ներկայացել է դեմքն ու գլուխը ծածկած և իրեն պատկանող Yeezy ապրանքանիշի և GAP ապրանքանիշի համագործակցությամբ արտադրված կարմիր հանդերձանքով։

Միջոցառման ընթացքում հնչել է Love Unconditionally երգը, որի ընթացքում Քանյե նստել է գետնին և անդադար հնչել է իր մոր ձայնը, որն ասել է․ «Ինչ էլ, որ լինի երբեք մի լքիր ընտանիքդ»։

Ավելի վաղ, պարբերականի փոխանցմամբ, 40-ամյա Քիմ Քարդաշյանին նկատել էին մարզադաշտ ժամանելիս։ SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր հեռուստաաստղը միջոցառման համար նախապատվությունը տվել է կարմիր հանդերձանքին՝ իր տեսքն ամբողջացնելով սև արևային ակնոցով։

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխաները սև տաբատներ և շապիկներ են կրել, իսկ Քլոե Քարդաշյանը` սև տաբատ և բաճկոն։

Պարբերականը նշել է, որ Քիմ Քարդաշյանն ու երեխաները աջակցում են Քանյե Ուեսթի «Դոնդա» ալբոմի շնորհանդեսին։

Հիշեցնենք, որ ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: