գլխավոր Աշխարհ Մակրոնը Pegasus-ի միջոցով գաղտնալսման սկանդալի ֆոնին փոխել է բջջայինն ու հեռախոսահամարը

Մակրոնը Pegasus-ի միջոցով գաղտնալսման սկանդալի ֆոնին փոխել է բջջայինն ու հեռախոսահամարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոխել է բջջային հեռախոսն ու համարն այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել առ այն, որ իսրայելական Pegasus ծրագրի միջոցով իրեն հետևել են:

Ինչպես գրում է BBC-ն, Մակրոնը նաև հրամայել է վերանայել անվտանգության ընթացակարգերը:

Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել Pegasus ծրագրի միջոցով Էլեկտրոնային լրտեսության գործի հետաքննության առանչությամբ:

Ավելի վաղ  Le Monde պարբերականը գրել էր, որ Pegasus ծրագրի միջոցով Մարոկկոյից կարող էին հետևած լինել ֆրանսիացի 14 նախարարի: Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են, որ այդ մեղադրանքներն անհիմն և կեղծ են:

Լրտեսական ծրագիրը վարակում է iPhone-ը և Android օպերացիոն համակարգով գործող սարքերը՝ թույլ տալով կորզել տեղեկություններ, լուսանկարներ և էլեկտրոնային նամակներ։ Զանգերը կարելի է գրանցել, իսկ միկրոֆոնները և խցիկները՝ ծածուկ ակտիվացնել։

Հայտնի չէ՝ տեղադրվե՞լ է արդյոք այդ ծրագրային ապահովումը Ֆրանսիայի նախագահի հեռախոսին։ Բայց նրա անունը եղել է 50 000 կոնտակտների ցուցակում, որոնք 2016 թվականից եղել են NSO Group-ի՝ Pegasus-ի ստեղծողի հաճախորդների համար։

Մյուս թիրախների թվում են Իրաքի նախագահը, Պակիստանի, Եգիպտոսի և Մարոկկոյի գործող վարչապետերը։

Հուլիսի 18-ին Ֆրանսիայում գործող Forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը և տարբեր պետությունների 17 ԶԼՄ-ներ հրապարակել են հետաքննություն, որտեղ պնդում են, որ մի շարք երկրներ կարող էին առնվազն 50 000 մարդու լրտեսել ամբողջ աշխարհւմ իսրայելական Pegasus Էլեկտրոնային լրտեսության համակարգի միջոցով, որը մշակել Է NSO Group կորպորացիան: