գլխավոր Գլխավոր Վրաստանի վարչապետը հակամարտող կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետը հակամարտող կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, այդ թվում` երկխոսության նպատակով հակամարտող երկու կողմի միջև հանդիպում կազմակերպել Թբիլիսիում: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:

«Հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղության հաստատումը մեր ընդհանուր շահն է: Բոլորն էլ հասկանում են, որ իրավիճակի հետագա սրացումը շատ վատ կազդի ամբողջ տարաշածրջանի անվտանգության վրա»,-ասված է Գախարիայի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային մասնակիցներին առավելագույն չափով օգտագործել հնարավորությունները հակամարտության սրացումը կանխելու և երկխոսությունը վերսկսելու համար:

«Ինչպես ձեզ հայտնի է, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի  Հայաստանի և Ադրբեջանի հետ: Պատմականորեն մեր երկրի հայ և ադրբեջանցի քաղաքացիները կարևոր դեր են խաղացել մեր երկրի և առհասարակ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցումը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները կարող են ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղ և զարգացող տարածք»,-ասել է Գախարիան: