գլխավոր Գլխավոր Զոհված օդաչուն Գյումրի քաղաքից էր

Զոհված օդաչուն Գյումրի քաղաքից էր

Tert.am-ը գրում է․ Թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցված հայկական ՍՈՒ-25 գրոհիչի զոհված օդաչու Վալերի Դանելինը Գյումրի քաղաքից էր, 33 տարեկան: Դանելինը երկու երեխաների հայր էր:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։