գլխավոր Իրադարձային «Կհանդիպենք դատարանում». Վանեցյանը դատի է տալու պաշտպանության նախկին փոխնախարարին

«Կհանդիպենք դատարանում». Վանեցյանը դատի է տալու պաշտպանության նախկին փոխնախարարին

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պատրաստվում է զրպարտության դիմաց բարոյական վնասի փոխհատուցում պահանջել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանից։

Այս մասին Facebook-ում հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը` գրելով.

«Արդեն նախապատրաստվում է նշված ակնհայտ զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայցը։ Կհանդիպենք դատարանում»։

Նշենք, որ խոսքը հւլիսի 21-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ արված հայտարարության մասին է։

«Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»,– ասել էր Մելքոնյանը` խոսելով արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Արթուր Վանեցյանի` Արցախ մեկնելու մասին։

Գագիկ Մելքոնյանը 1990 թվականին ծառայել է «Հատուկ գնդում» որպես վաշտի հրամանատար, ապա գնդի հրամանատար։

1996 – 1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, 1998-2000 թվականներին՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադի հրամանատար։ Իսկ 2000 – 2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում Գագիկ Մելքոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։