գլխավոր Աշխարհ 2022-ին թողարկվելիք բոլոր iPhone-ներն աշխատելու են 5G տեխնոլոգիայով. ԶԼՄ-ներ

2022-ին թողարկվելիք բոլոր iPhone-ներն աշխատելու են 5G տեխնոլոգիայով. ԶԼՄ-ներ

Ամերիկյան Apple ընկերության iPhone-ների նոր շարքը, որը կթողարկվի 2022 թվականին, համալրված կլինի 5G տեխնոլոգիայով: Այս մասին հայտնում է Nikkei ճապոնական պարբերականը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Աղբյուրը հայտնում է, որ հաջորդ տարվանից ամերիկյան տեխնոլոգիական հսկան 4G ցանցով աշխատող որևէ նոր մոդել չի ներկայացնի: Փոխարենը՝ ընկերությունը կսկսի վաճառել իր ամենամատչելի սմարթֆոնը` iPhone SE մոդելը, որը համատեղելի կլինի հաջորդ սերնդի կապի չափանիշների հետ:

Պարբերականը նշում է, որ բյուջետային iPhone-ը` 5G ցանցով, շուկայում պետք է հայտնվի 2022-ի առաջին կեսին: Ենթադրվում է, որ այն աշխատելու է սեփական A15 պրոցեսորով, որը 5G ցանցին կմիանա Qualcomm X60 մոդեմի օգնությամբ:

Ինչպես և SE մոդելի նախորդ տարբերակները, բյուջետային iPhone-ի տեսքը նման կլինի iPhone 8-ի թարմացված տարբերակին և կունենա 4,7 դյույմ անկյունագծով հեղուկբյուրեղային էկրան:

Աղբյուրի տեղեկություններով` ընկերությունը հաջորդ տարի այլևս չի ներկայացնի iPhone Mini տարբերակի թարմացումները: Հաջորդ տարի iPhone Mini-ին փոխարինելու կգա 6,7 դյույմ անկյունագծային էկրանով iPhone Pro Max-ը: