գլխավոր Պաշտոնական ՀՀ նախագահը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին. լուսանկարներ

ՀՀ նախագահը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին. լուսանկարներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, որը պատգամավոր է ընտրված Ֆրանսիայից և Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարն է: Տեղեկությունը հայտնում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նատալի Լուազոն Սարգսյանին տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել նաև Արցախ, անձամբ ծանոթանալ իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալու Եվրոպական միության, Ֆրանսիայի աջակցության հնարավոր ուղղությունները Հայաստանին և Արցախին:

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատգամավորին՝ Հայաստան այցի և Արցախ մեկնելու մտադրության, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

Սարգսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և իր դիտարկումները ներկայացրել Հայաստանի ապագա զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մեր երկրի հզորացման գործում կարևորում է թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի աջակցությունը և թիրախային ոլորտներում համագործակցության խորացումը:

Երկրի զարգացման համատեքստում ՀՀ նախագահը կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը և հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող նոր սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը հայրենիքի զարգացման գործընթացներում:

Նախագահ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: