գլխավոր Իրադարձային Ի՞նչ ուղղությամբ կզարգանա ԼՂ հակամարտությունը․ New York Times-ի անդրադարձը

Ի՞նչ ուղղությամբ կզարգանա ԼՂ հակամարտությունը․ New York Times-ի անդրադարձը

Ամերիկյան New York Times պարբերականն անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողություններին։

«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում սկսվել են կիրակի և խլել առնվազն տասնյակ կյանքեր՝ սպառնալով հակամարտության մեջ ներքաշել տարածաշրջանի երկու խոշոր տերություններին՝ Ռուսաստանին և Թուրքիային»,- գրում է պարբերականը։

Պարբերականի խոսքով՝ «այս մարտական գործողություններն վերջին տարիների սահմանային բախումներից տարբեվում են իրենց մասշտաբներով և այն հանգամանքով, որ Թուրքիան ավելի բացահայտ աջակցում է Ադրբեջանին՝ եղբայրական թուրքալեզու երկրին»։

Պարբերականը նաև նշում է, որ այս անգամ գնդակոծությունների թիրախում են հայտնվել նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը՝ ընդգծելով, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նախկինում սպառնացել են հարվածներ հասցնել միմյանց ռազմավարական ենթակառուցվածքներին։

Eurasian International Analytical-ի նախագահ Լոուրենս Շիտսը պարբերականին հայտնել է, որ «այդ խոսքերը հնչել են որպես ի գիտություն, և մենք չենք կարող անուշադրության մատնել դրանք, քանի որ չգիտենք՝ թե հակամարտությունն ինչ ուղղությամբ կզարգանա»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։