գլխավոր Սպորտ Մենք պետք է ֆուտբոլի միջոցով բարձրաձայնենք տիրող իրավիճակի մասին․ Արմեն Մելիքբեկյան

Մենք պետք է ֆուտբոլի միջոցով բարձրաձայնենք տիրող իրավիճակի մասին․ Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործադիր կոմիտեի արտահերթ նիստում որոշում է կայացրել՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրության ընթացքում շարունակել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը:

NEWS.am Sport-ին տված հարցազրույցի ընթացքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ:

«Ֆուտբոլն այս իրավիճակում կարող է հումանիտար լավ հարթակ հանդիսանալ: Մենք պետք է ֆուտբոլի միջոցով բարձրաձայնենք տիրող իրավիճակի, Արցախի բնակչության անվտանգության անհրաժեշտության մասին: Մենք որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Ֆուտբոլը լավ հարթակ է՝ ինչ-որ կերպ բարձրաձայնելու ստեղծված իրավիճակի մասին, ինչը մենք կանենք սեպտեմբերի 30-ի հանդիպումների ընթացքում, և դա կներկայացնենք միջազգային հանրությանը: Բացի այդ, սա կարող է երաշխիք լինել, որ Հայաստանում կարող են անցկացվել միջազգային հանդիպումներ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անընդհատ կապի մեջ է ՀՀ կառավարության հետ և պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել իր իրավասությունների շրջանակներում տեղավորվող ցանկացած հարցի շուրջ:

Մենք ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստին հրավիրել էինք նաև ակումբների ներկայացուցիչներին: Ծավալվեց արդյունավետ քննարկում: Ակումբների մեծամասնությունը, ինչպես նաև ՀՖՖ գործկոմի անդամների մեծ մասը կողմ քվեարկեցին առաջնությունը շարունակելուն: Ելնելով այս ամենից՝ մենք կայացրեցինք այս որոշումը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների անցկացման վայրին, ապա այս պահի դրությամբ այդ մասին դեռևս որևէ խոսակցություն չկա: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախատեսված էր»,- մեջբերում է Արմեն Մելիքբեկյանին NEWS.am Sport-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին կկայանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի 3 հանդիպում, իսկ հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումներ է անցկացնելու Երևանում՝ ընդունելով Ալբանիային (ընկերական խաղ) և Վրաստանին (Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպում)։ Բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։