գլխավոր Իրադարձային «Մենք ուզում ենք մեր տղաների կողքին լինել». ազատազրկվածները դիմելու են ՀՀ վարչապետին՝...

«Մենք ուզում ենք մեր տղաների կողքին լինել». ազատազրկվածները դիմելու են ՀՀ վարչապետին՝ առաջնագիծ մեկնելու համար

«Արմավիր», «Կոշ», «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների կալանավորված և դատապարտված անձինք պատրաստվում են բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց զորակոչելու առաջնագիծ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ րոպեներից ազատազրկված անձինք դիմումներ էին հասցեագրել ՔԿՀ-ների վարչակազմերին՝ իրենց առաջնագիծ ուղարկելու համար։

Aravot.am-ը գրում է, որ «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորված անձ 35-ամյա Արսեն Համբարձումյանը Քարվաճառում է ծառայել։ Հիմա պատրաստ է մեկնել շփման գիծ։ «Սա ամենեւին չի նշանակում, որ խուսափում ենք պատասխանատվությունից։ Պատրաստ եմ, եւ ոչ միայն ես, իմ կյանքը զոհել հանուն մեր երկրի խաղաղության, հանուն մեր բոլոր երեխաների։ Ես էլ ունեմ երկու երեխա, եւ հանուն նրանց հարատեւ ժպիտի եւ հանգիստ խաղալու իրենց իրավունքի համար պատրաստ եմ զոհվել»,- ասել է Արսեն Համբարձումյանը։ Նրա խոսքով, եթե Աստված կամենա ու ինքը ողջ մնա, ապա կվերադառնա կալանավայր, կկրի իր պատիժը։

Մեկ այլ կալանավորվածի՝ Կարեն Կարապետյանի խոսքով, ամեն օր լսելով երիտասարդների զոհվելու մասին՝ «քրֆում է թուրքերին»։ «Էս պահին չեմ կարա ուրիշ բան անեմ։ Ձեռքերս կապած ա։ Դրսում լինեի՝ ապա արդեն Արցախում կլինեի»,- նշել է Կարենը։ Նա 17 տարեկան տղա ունի, և տղան ցանկություն է հայտնել կամավոր ընդգրկվել Արցախ մեկնողների ջոկատում։ «Ոգեւորեցի տղայիս, բայց մենք էստեղ նստած։ Պարոն գլխավոր հրամանատար, հանձնարարե՛ք ցուցակագրեն մեզ, տանեն առաջնագիծ ու հաղթանակից հետո հետ բերել նույն տեղը։ Մենք ուզում ենք մեր տղաների կողքին լինել»,- ասել է Կարենը։