
Հեղինակավոր Reuters գործակալությունը և The Guardian պարբերականն անդրադարձել են Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքից Ադրբեջան կռվելու համար ուղարկած վարձկանների մասին լուրերին։ Reuters-ը երկու զինյալի հետ է խոսել, որոնք հայտնել են, որ այդ նպատակով Թուրքիան իրենց վճարելու է ամսական $1500։
Նրանք Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբավորումներից են, և հայտնել են, որ Ադրբեջանում իրենց տեղակայումը համակարգում է Անկարան։
Երկու զինյալն էլ նշել են, որ պետք է Ադրբեջան մեկնեին սեպտեմբերի 25-ին՝ պարեկության, ոչ թե կռվելու համար։
Reuters-ը նշում է, որ թեև Ադրբեջանը հերքում է, Թուրքիան՝ չի մեկնաբանում այս լուրերը, չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է աջակցել Բաքվին։
Թուրքիայի պրոադրբեջանական և հակահայկական հայտարարություններին անդրադարձել է նաև The Guardian-ը։
Լրատվամիջոցը գրել է,որ Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների ընդլայնման մասին: Լեռնային Ղարաբաղում Թուրքիան իր համար ստեղծում է Մոսկվայի հետ մրցակցության երրորդ թատերաբեմը, առաջին երկուսը Սիրիան և Լիբիան են։