գլխավոր Գլխավոր ԱՄՆ-ը Թուրքիային՝ չխառնվելու թափանցիկ ակնարկ է արել

ԱՄՆ-ը Թուրքիային՝ չխառնվելու թափանցիկ ակնարկ է արել

PanARMENIAN.Net – Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման գործընթացում արտաքին ուժերի մասնակցությունը բռնության էսկալացիային չափազանց անօգուտ է և միայն խորացնելու է տարածաշրջանային լարվածությունը, հայտարարել են ԱՄՆ Պետդեպից՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի սանազերծած պատերազմին։

Սեպտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախի հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։ Ըստ նրա՝ Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմում օգտագործում է թուրքական զենքեր ու զինտեխնիկա։

«Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու ջանքերին», – ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հորդորել է կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, թե իրենք ուշադիր հետևում են հակամարտության ընթացին։

«Դա նոր է տեղի ունեցել, ինձ այդ մասին հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», – ասել է Թրամփը: