գլխավոր Հասարակություն «Գարշելի միջադեպ». Կիմ Չեն Ընը Սեուլից ներողություն է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի սպանության...

«Գարշելի միջադեպ». Կիմ Չեն Ընը Սեուլից ներողություն է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր երկրի սահմանապահների մասնակցությամբ «գարշելի միջադեպի» առնչությամբ պաշտոնապես ներողություն է խնդրել Հարավային Կորեայի քաղաքացիներից:

Ինչպես նշում է Yonhap գործակալությունը, խոսքը նախօրեին Դեղին ծովում հարավկորեացի պաշտոնյայի դաժան սպանության մասին է:

«Մեղքի մեծ զգացումով մտածում եմ այն մասին, թե ինչ ուժեղ հիասթափություն է եղել այդ միջադեպը նախագահ Մուն Չժե Ինի և հարավկորեացի եղբայրների համար»,-ասված է Կիմ Չեն Ընի ուղերձում:

Բացի այդ, նա խոստացել է, որ Փհենյանը բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի ապագայում նման միջադեպերը կանխելու համար:

Հյուսիսկորեական կողմն ընդունել է, որ ավելի քան տասը կրակոց է արձակել իր տարածքային ջրերում հայտնված հարավկորեացու ուղղությամբ, այնուհետև այրել նրա նավակը: Նշվել է, որ Հարավային Կորեայի օվկիանոսների և ձկնորսության նախարարության աշխատակիցն ապօրինի հատել է Հյուսիսի սահմանը: Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեան հերքել է Սեուլի պնդումն առ այն, որ սպանելուց հետո այրել է պաշտոնյայի դին:

Նախօրեին Հարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները սպանել են ավելի վաղ հերթապահության ժամանակ սահմանամերձ ջրերում անհետացած իրենց պաշտոնյային:

Սեուլում պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օվկիանոսների և ձկնորսության նախարարության 47-ամյա պաշտոնյան Ենփհեն արևմտյան սահմանային կղզու ջրերում տեսչական մոտորանավակից անհետանալուց հետո սպանվել է, իսկ նրա դին՝ այրվել։

«Մեր զինվորականների կողմից տարբեր հետախուզական տվյալների մանրակրկիտ վերլուծության համաձայն՝ Հյուսիսային Կորեան պաշտոնյային հայտնաբերել է իր ջրերում և դաժան հաշվեհարդար տեսել՝ կրակելով սպանել է, ապա այրել նրա մարմինը»,- ասված է նախարարության հայտարարությունում:

«Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից նման վայրագությունը և պահանջում ենք բացատրություն տալ և պատժել մեղավորներին։ Մենք խստորեն նախազգուշացնում ենք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունն ընկած է Հյուսիսային Կորեայի վրա», – հայտարարել են Պաշտպանության նախարարությունում։

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները հունիսին սրվել են հարավկորեացի ակտիվիստների ուղարկած քարոզչական թռուցիկների պատճառով: